Զվարթնոցի տաճար

Զվարթնոցի տաճարը հայկական ճարտարապետության և հայ ժողովրդի այն եզակի կառույցներից է, որին անդրադարձել են ժամանակի բոլորի մեծանուն հայ և օտարազգի մասնագետներն ու ուսումնասիրողները: Տաճարը եզակի կառույց է, որն իր մեջ ամփոփում է հայկական ճարտարապետության դարավոր առանձնահատկություններն ու գիտելիքները:  

Կառուցում

Զվարթնոցի տաճարը 7-րդ դարի կառույց է, որն իր մեջ ամփոփում է դեռևս 4-րդ դարին բնորոշ որոշ ճարտարապետական լուծումներ: Այն իր ճարտարապետական ոճով և հորինվածքներով մեծագույն ազդեցություն է ունեցել նաև հետագա դարերի ընթացքում: Տաճարի կառուցման հետ կապված պատմիչ Սեբեոսն ունի մի վկայություն, ըստ որի, Զվարթնոց տաճարը կառուցվել է Տրդատ Գ թագավորի և Գրիգոր Լուսավորչի հանդիպման վայրում:

Տաճարի օծման արարողությանը ներկա է եղել բյուզանդական Կոստանդին Բ կայսրը, ինչ խոսում էր նաև ժամանակի քաղաքական դրության մասին:    

Անվան ծագում

Տաճարի անվան ընտրությունը նորից կապված է Տրդատ Գ թագավորի և Գրիգոր Լուսավորչի հետ: Ասում են, որ նրանց հանդիպումից հետո այնտեղ կառուցում են եկեղեցի և անվանում «Զվարթնոց», որը խորհրդանշում էր Գրիգոր Լուսավորչին՝ տեսիլքի ժամանակ հանդիպած հրեշտակներին: Անվանումն առաջացել է «զվարթուն» բառից: Սակայն եթե ժամանակակից հայերենում այն նշանակում է «զվարթ», «ժպտերես», ապա բառի հնացած տարբերակն օգտագործվել է «հրեշտակ» իմաստով: 

Հնագիտական պեղումներ

Զվարթնոցի տաճարը բացահայտվել է նշանավոր ճարտարապետ Թ. Թորամանյանի շնորհիվ, ով իր մեծ ավանդն է ունեցել հայկական մեկ այլ յուրահատուկ կառույցի՝ Երերույքի տաճարի բացահայտման և ուսումնասիրության հարցում: Ըստ նրա, Զվարթնոցի տաճարն ունեցել է 45 մ բարձրություն՝ լինելով եռահարկ, կենտրոնակազմ և կենտրոնագմբեթ շինություն: Տաճարի նկարագրությունը, որը տվեց Թ. Թորամանյանը, ժամանակի մասնագետների համար թվում էր անիրական, քանի որ բնորոշ չէր տիպիկ հայկական ճարտարապետությանը:

Սակայն նույն ժամանակահատվածում, մեկ այլ նշանավոր ուսումնասիրող՝ Ն. Մառը, պատմական Անիի տարածքում հայտնաբերում է Գագիկ Ա Բագրատունի թագավորի արձանը՝ ձեռքին Զվարթնոցի տաճարին շատ նման մի եկեղեցու մանրակերտ: Այդ բացահայտումը հիմք է տալիս փաստել, թե որքան մեծ է եղել Զվարթնոցի տաճարի ազդեցությունը նույնիսկ 3 դար անց: Զվարթնոց տաճարի ակնառու ազդեցությունն են կրում Արևմտյան Հայաստանի Տայք նահանգի 7-րդ դարում կառուցված Բանակի և Իշխանի տաճարները, Անիի Գագկաշեն 11-րդ դարի կառույցը, Աղվանքի 7-րդ դարի Լյակիթի տաճարը: 

Ուսումնասիրողները Զվարթնոցի ճարտարապետական լուծումների որոշակի ազդեցությունն են նկատում նաև Արուճի վանքում:  

Սուրբ Հռիփսիմե եկեղեցի

Սուրբ Հռիփսիմե եկեղեցին հայկական նշանավոր եկեղեցի է Հայաստանի Վաղարշապատ քաղաքում։ Ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակի մեջ։
Ավանդության համաձայն, Հռիփսիմեն քրիստոնյա կույսերի հետ, խուսափելով Դիոկղետիանոս կայսեր (284-305) հալածանքներից, փախչում են Հայաստան և քրիստոնեություն քարոզում, որտեղ հայոց Տրդատ Գ Մեծ արքայի կողմից նույնպես հալածանքների են ենթարկվում և սպանվում իր հավատակից 32 կույսերի հետ միասին։ Հռիփսիմյան կույսերի նահատակման տեղում Տրդատ արքան և Գրիգոր Լուսավորիչը կառուցել են վկայարան՝ կիսագետնափոր հանգստարան, վրան՝ քարաշեն չորս սյուներով ամպհովանի։ V դ. այն ավերել են պարսիկները, Սահակ Պարթևը կառուցել է նորը։ Եկեղեցին հիմնադրվել է այդ վայրում 618 թ-ին Կոմիտաս Ա Աղցեցի կաթողիկոսի կողմից։ Ավագ խորանի արձանագրությունում կաթողիկոսն իրեն անվանել է «Շինող սրբոյ Հռիփսիմեի»
1653-ին Փիլիպոս կաթողիկոսն այն վերանորոգել է և արևմտյան մուտքի դիմաց կառուցել բաց գավիթ։ Հետագայում եկեղեցին շրջափակվել է աղյուսաշեն պարսպով ու բուրգերով (1776), գավթի վրա կառուցվել է զանգակատունը (1880), շինվել են արևելյան և հարավային սրբատաշ քարե պարիսպները, բնակելի տունը, բակի օժանդակ կառույցները (1894)։ Զգալի նորոգումներ են կատարվել 1898-ին։ 1958-ին մաքրվել է Հռիփսիմեի տաճարի ներսի տեսքը խաթարող սվաղը։ Նորոգումների ժամանակ բացվել են որմնասյուների տակ որպես հիմնաքարեր դրված հելլենիստական տաճարի քանդակազարդ քիվի բեկորներ, որոնք վկայում են, որ Հռիփսիմեի տաճարի տարածքում եղել է հեթանոսական տաճար։ Եկեղեցու շրջապատի պեղումների ժամանակ բացվել են նախաքրիստոնեական և վաղ քրիստոնեական շրջանի թաղումներ ու վաղ միջնադարի միանավ եկեղեցի՝ արտաքուստ հնգանիստ աբսիդով։